Գլխավոր Ավելին

Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օր

Յուրաքանչյուր տարվա նոյեմբերի երրորդ չորեքշաբթի օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ նշվում է Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ-World Chronic Obstructive Pulmonary Disease Day World COPD Day)) դեմ պայքարի համաշխարհային օրը։

 «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր թերապիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զինաիդա Ջնդոյանը նշում է, որ ԹՔՕՀ-ը արտահայտվում է մշտական շնչառական ախտանիշներով և օդի հոսքի սահմանափակմամբ, ինչ կապված է շնչառական ուղիների և/կամ ալվեոլների ախտահարման հետ: ԹՔՕՀ բնորոշ են հաճախակի սրացումներ:

✅ Բժշկի խոսքով՝ ԹՔՕՀ զարգացման գլխավոր ռիսկի գործոնը ծխելն է, այլ գործոններից են արտադրական վնասակար նյութերը, օդի աղտոտվածությունը, կրկնակի սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիաները:

Էական նշանակություն ունի նաև ԹՔՕՀ զարգացման նկատմամբ ժառանգական նախատրամադրվածությունը, որոշակի նշանակություն ունի նաև սեռատարիքային կազմը, մասնավորապես ռիսկային է 40-50տ. տղամարդկանց դեպքում։

 Զինաիդա Ջնդոյաննի խոսքով` հևոցը ԹՔՕՀ-ի ծանրության աստիճանի գնահատման հիմնական ախտանիշն է, հիմնական ախտանիշներից է նաև պրոդուկտիվ հազը:

 «ԹՔՕՀ-ն ծանր հիվանդություն է, որի առանձնահատկություններից է պրոգրեսիվող ընթացքը, ինչը բերում է հաշմանդամության։ Բնորոշ է հիվանդության դանդաղ զարգացումը, որով պայմանավորված` հիվանդները դիմում են բժշկի բավականին ուշ` 40-50 տարեկանում, երբ արդեն արտահայտված են բրոնխների քրոնիկական բորբոքման և բրոնխաօբստրուկտիվ համախտանիշի կլինիկական նշանները` հազի, դժվարացած շնչառության և ամենօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ տոլերանտության նվազման զարգացմամբ»,-ասում է Ընդհանուր թերապիայի կլինիկայի ղեկավարը:

Նշենք, որ ամբողջ աշխարհում ԹՔՕՀ-ից մահացությունը 2 անգամ գերազանցում է թոքերի քաղցկեղով պայմանավորված մահացությանը։ Ավելին, ԱՀԿ-ի կանխատեսմամբ՝ շուտով մահացության պատճառների շարքում ԹՔՕՀ-ը կգրավի 3-րդ տեղը։ Վերջին վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն ունի մոտ 210 մլն մարդ։

 «ԹՔՕՀ-ի վաղ ախտորոշումը և բուժումը օգնում է դանդաղեցնել ախտանիշների պրոգրեսիվումը և իջեցնել սրացումների ռիսկը։

ԹՔՕՀ-ի պրոգրեսիվման կանխարգելման համար անհրաժեշտ է դադարեցնել ծխելը։ Ապացուցված է, որ ֆիզիկական աշխատանքը՝ (օրինակ ` քայլելը շաբաթական ոչ պակաս քան 2 ժամ՝ աստիճանաբար քայլելու տևողության երկարացմամբ) համակցված ինհալյացիոն դեղորայքային բուժմամբ զգալի նվազեցնում են թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության պրոգրեսիվումը և հաշմանդամության զարգացումը»,-ամփոփում է բժիշկը։

×
facebook sharing button facebook